Go to content

Electionville-ը Հայաստանում

Դիլիջանում տեղի ունեցավ ժողովրդավարության և տեղական կառավարման Electionville խաղը:

Երեկ Դիլիջանում տեղի ունեցավ ժողովրդավարության և տեղական կառավարման Electionville խաղը, որի ընթացքում Տավուշի մարզից մի խումբ երիտասարդներ փորձեցին իրենց ուժերը հորինված քաղաքի ղեկավարման գործում։

Խաղի սկզբում ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ-ում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, Տավուշի մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի ներկայացուցիչ Սոնա Մակասյանը։

Խաղին ներկա էին նաև Դիլիջան և Իջևան համայնքների ղեկավարներ՝ Դավիթ Սարգսյանն ու Արթուր Ճաղարյանը, ինչպես նաև բազմաթիվ աշակերտներ և ուսուցիչներ ողջ մարզից։

Խաղի ընթացքում՝ կազմելով հորինված կուսակցություններ և ընտրելով առաջնահերթ քաղաքական ոլորտներ, մասնակիցները աշխատեցին լուծել հորինված քաղաքի տարատեսակ խնդիրները, կայացնել ճիշտ որոշումներ, բանակցել բյուջեյի օգտագործման և բաշխման շուրջ ու հասնել կոնսենսուսի։ Խաղը հաղթեց այն կուսակցությունը, որին հաջողվեց ռեսուրսների մեծ մասը ուղղել իր առաջնահերթ քաղաքական ոլորտ: Հաշվի առնվեց նաև այն, թե որքան հաջող կառավարեցին բոլոր կուսակցությունները միասին:

Electionville-ի նպատակն էր խրախուսել խաղացողներին՝ ինչպես անհատապես, այնպես էլ խմբերով, մտածելու քաղաքական որոշումների կայացման հիմքում ընկած շարժառիթների, ինչպես նաև տեղական համայնքի հիմնարար կարիքների մասին: Խաղը միտված էր պատասխանատվության զգացում զարգացնելու երիտասարդ սերնդի մոտ, որը ապագայում ժողովրդավարական համակարգի պահպանողն ու զարգացնողն է լինելու:

Խաղի ավարտին ոլորտի մասնագետ «Դիլիջանի երիտասարդական համագործակցության կենտրոն» ՀԿ-ի հիմնադիր և նախագահ Արթուր Ղազարյանը խաղացողների հետ կիսվեց արժեքավոր կարծիքներով և մեկնաբանություններով։

Խաղի վերաբերյալ

Electionville հատակախաղը հիմնված է տեսական դասընթացի վրա, որը մշակվել է Fabel AB-ի կողմից Շվեդիայի Տեղական իշխանությունների և տարածաշրջանների ասոցիացիայի համար: Տեսական դասընթացը օգտագործվել է Շվեդիայի բոլոր դպրոցներում ժողովրդավարության և տեղական կառավարման մասին գիտելիքները ամրապնդելու համար: Այսօրվա դրությամբ, տեսական դասընթացը հրապարակվել է ավելի քան 13,000 օրինակով, տարածվել բազմաթիվ երկրներում և հասել Հայաստան։

Շվեդական Ինստիտուտի աջակցությամբ՝ Հայաստանում խաղը կազմակերպել էր ՀՀ-ում Շվեդիայի դեսպանությունը՝ համագործակցելով ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի հետ։